Հոժարակամ հոսպիտալիզացիայի դեպքում հիվանդը գալիս է ինքը, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալիզացիայի դեպքում նրան ուղեգրում է ոստիկանությունը շտապ օգնության բրիգադայով: Երկու դեպքում էլ հիվանդին տրվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը, բացատրվում իր իրավունքները և առաջարկվում է իր ձեռքով գրել դիմում-համաձայնագիր բուժում ստանալու մասին: Եթե հիվանդը հրաժարվում է, նրան բացատրվում է հարկադիր բուժման կարգը և 72 ժամվա ընթացքում դիսպանսերի կողմից դիմում է ուղարկվում դատարան: 5 օրվա ընթացքում նյութերը նախապատրաստելուց հետո կայանում է դատավարություն քաղաքացիական գործով, և դատարանի կողմից հարկադիր բուժում սահմանելու դեպքում բուժումը կատարվում է հարկադրաբար: Դատավճռով հարկադիր բուժում է իրականացվում նաև այն դեպքում, երբ հիվանդը տառաճանաչ չէ կամ հոգեկան խանգարման պատճառով չի կարող կողմնորոշվել, իր կամքն արտահայտել գրավոր կերպով:
Հիվանդը համայնքի բնակիչ և քաղաքացի է: Քաղաքացու վտանգավոր լինելը և իր կամքին հակառակ հոգեբուժարան ուղարկելու անհրաժեշտությունը որոշում է հասարակական կարգը պահպանող պետական մարմինը՝ Ոստիկանությունը՝ համապատասխան հիմքի առկայության դեպքում: Ճաղավանդակի հետևում անձին փակված պահելը հանդիսանում է ազատազրկում, իսկ ազատազրկում իրավասու է սահմանել դատարանը համապատասխան վճռով:
Հոգեբուժական հաշվառումից հանվում են այն դեպքում, երբ բժշկի կողմից իրական դիտարկումներով և գրառումներով հիմնավորված է փաստացի առողջ վիճակ վերջին սրացումից-բուժումից անց հետևյալ ժամկետներով.
• փսիխոզով ուղեկցված վիճակներից հետո (ներառյալ փսիխոզները ալկոհոլիզմի և թմրամոլության դեպքում)- հինգ տարի
• թմրամոլության դեպքում-հինգ տարի
• ալկոհոլիզմի դեպքում-երեք տարի
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2005թ. 74-Ն «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» հրամանի հոգեկան հիվանդների տնային բուժման դեղորայքը տրվում է պետության կողմից անվճար: Առողջապահության նախարարության կողմից Սյունիքի մարզին հատկացված հոգեմետ դեղամիջոցները ներկրվում են մարզ, ապա Սյունիքի մարզպետարանի Առողջապահության և Սոցիալական ապահովության վարչության կողմից ըստ հիվանդների քանակակազմի բաշխվում են Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածքների բուժհաստատություններին: Սիսիանի, Գորիսի և Մեղրու պոլիկլինիկաների միջոցով կատարվում է դեղի հատկացումը հիվանդներին, իսկ Կապանի տարածքի բնակիչներին դեղհատկացումը կատարվում է հոգեբուժարանից: Անվճար հատկացվող դեղերի ցանկը հաստատում է Առողջապահության Նախարարությունը, իսկ եթե հիվանդը կամ նրա խնամակալը ցանկանում են այլ դեղ, որը չի ընդգրկված այս ցուցակում, ապա բժշկի կողմից գրվում է դեղատոմս վճարովի հիմունքներով ձեռքբերելու համար: Դեղհատկացման բարելավման նպատակով գործում է հետադարձ Հոգեբուժարան-Սյունիքի Մարզպետարան-Առողջապահության Նախարարություն կապը, դեղերի մնացորդների և կարիքների մասին ամսական և եռամսյակային տեղեկություն է տրվում Մարզպետարանին, այնտեղից էլ Նախարարությանը:
Տարբերում ենք հիվանդի ներկայացուցիչ և հիվանդի օրինական ներկայացուցիչ: Ներկայացուցիչ կարող է լինել ընտանիքի անդամը, ազգականը, ընկերը, այլ: Օրինական ներկայացուցիչն այն անձն է, ով կարող է տնօրինել հիվանդի ունեցվածքը, նրա փոխարեն կայացնել որոշումներ: Մինչև չափահաս դառնալը ծնողը միշտ երեխայի օրինական ներկայացուցիչն է, իսկ չափահաս անձանց համար օրինական ներկայացուցիչ է այն անձը, ով համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից նշանակված է հիվանդի խնամակալ և հիվանդի փոխարեն որոշումներ է ընդունում ինքը: Սա այն դեպքում է, երբ հիվանդը ճանաչված է անգործունակ դատարանի կողմից:
Հիվանդի ներկայացուցիչը դիմում է դատարան, որը վճիռ է կայացնում հիվանդին դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին: Դատահոգեբուժական հանձնաժողովը տալիս է մասնագիտական եզրակացություն հիվանդի անգործունակ լինելու վերաբերյալ, որը կրկին ներկայացվում է դատարան: Դատահոգեբուժական հանձնաժողովի կողմից հիվանդին անգործունակ ճանաչելու դեպքում դատարանը հաջորդ վճռով հիվանդին ճանաչում է անգործունակ: Այս դատավճիռը ներկայացվում է համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին, որը տվյալ անձին գրանցում է որպես հիվանդի խնամակալ և այդ պահից նա հիվանդի օրինական ներկայացուցիչն է:
Ցանկացած հիվանդ ենթակա է դուրսգրման, եթե նա շրջապատի կամ իր համար վտանգ չի ներկայացնում և կարող է հոգալ իր կենսական կարիքները: Եթե հիվանդն անգործունակ է, ինքը չի կարող հոգ տանել իր նկատմամբ, և/կամ ապրելու տեղ չունի, ապա այս հիվանդները կարող են տեղավորվել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Ապահովության Նախարարության համակարգի հոբեբուժական պրոֆիլի տուն-ինտերնատներում: Այս գործընթացը կազմակերպում է համայնքի ղեկավարը բնակավայրի սոցիալական ծառայության միջոցով:
Ինտերնատում տեղավորելու գործընթացը նախաձեռնում է հիվանդատերը, իսկ այն չլինելու դեպքում, համաձայն 24.10.2005թ. “Սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի, եթե քաղաքացին հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, ապա նրան տեր է կանգնում և նրա սոցիալական խնդիրները լուծում է համայնքի ղեկավարը: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 02.03.2016թ. 33-Ա/1 և Առողջապահության նախարարի 23.03.2016թ. 833-Ա համատեղ հրամանով մարզում ստեղծվել է հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատման մասնագիտական հանձանաժողով, որը տալիս է անձի նշված հատկանիշների գնահատականը: Բնակավայրի սոցիալական ծառայությունը դիմում է մարզպետին, որը հանձնարարում է հանձնաժողովին կատարել գնահատումը: Հանձնաժողովի գնահատականը ներկայացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ որոշում է կայացվում տվյալ անձին որոշակի պայմաններ ունեցող կացարանում տեղավորելու մասին: Հանձանաժողովի նախագահն է հոգեբուժարանի տնօրեն Ա. Վարդանյանը (091-208-325), հոգեբանն է Զարինե Հարությունյանը (098-346-047), սոցիալական աշխատողն է Ռուզաննա Ալավերդյանը (094-464-680, 0285-2-81-91):
ՀՀ Կառավարության 02.06.2011թ. թ.21 արձանագրային որոշմամբ սահմանվել են օրենքով սահմանված տեղեկանքների ցանկը և օրենքով չսահմանված տեղեկանքների ցանկը: ՀՀ առողջապահության նախարարի 09.12.2010 1993-ա հրամանում ևս նշվում է տեղեկանքների տրամադրման կարգը:
Կան աշխատանքներ, որոնց դեպքում հոգեկան և թմրաբանական խանգարումներով անձանց համար սահմանված են սահմանափակումներ և արգելքներ: Այս ոլորտին վերաբերվող իրավական ակտերից են ՀՀ Կառավարության 27.03.2003թ. “առողջական վիճակի պարտադիր (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործնեության ոլորտների, որոնցում զբաղված անձիք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին” 347-Ն որոշումն ու ՀՀ Կառավարության 15.07.2004թ. “Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին” 1089-Ն որոշումները:
հոգեկան խանգարումներ ունեցողների իրավունքները պաշտպանող իրավական ակտերից են.
- “Հոգեբուժական օգնության մասին” ՀՀ Օրենքը
- ՀՀ առողջապահության նախարարի 13.05.2010թ. 691-Ա հրամանը
- ՀՀ առողջապահության նախարարի 29.07.2010թ. 14-Ն հրամանը
- Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ Օրենքը, ընդունված 14.04.1993թ.
- ՀՀ առողջապահության նախարարի 27.05.2010թ. 846-Ա հրամանը
- ՀՀ առողջապահության նախարարի 01.08.2008թ. 1083-Ա հրամանը
- ՀՀ Կառավարության 01.04.2010թ. 350-Ն որոշումը
- ՀՀ Կառավարության 09.01.2014թ. 4-Ն որոշումը
